Գրադարան
Հյուսիսային համալսարանի էլեկտրոնային գրադարանը գործում է 2007-2008 ուսումնական տարվա սկզբից: Այն հագեցած է ժամանակակից 10 նորագույն համակարգիչներով և ինտերնետ կապով: Էլեկտրոնային գրադարանի բացումն ուրախալի էր հատկապես լրագրության և համակարգչային ծրագրավորման ֆակուլտետների ուսանողների համար: Դա է վկայում էլեկտրոնային գրադարանից նրանց ակտիվ օգտվելու փաստը: Այդ ակտիվությունը բխում է մասնագիտությունից` համակարգչային ծրագրավորման ֆակուլտետի ուսանողները հմտանում են` գործնական աշխատանքներ կատարելով, իսկ լրագրության ֆակուլտետի ուսանողները, որոնք տեղյակ են ամեն ամենից` ինտերնետ կապի շնորհիվ ավելացնում են լրատվության աղբյուրները: Իրավաբանական ֆակուլտետի ուսանողներն ակտիվությամբ շատ քիչ են զիջում` համակարգիչը գործածելով կուրսային, դիպլոմային աշխատանքներ հավաքելու կամ իրավական կայքեր մուտք գործելու համար: Տնտեսագիտության, բանասիրության և օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները ցուցաբերում են միջին ակտիվություն: Մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետն ամենապասիվն է, որովհետև համակարգիչը "հոգի" չունի:
Օգտվողների թվում քիչ չեն նաև համալսարանի վարչակազմի անդամները և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, որոնք օգտվում են էլեկտրոնային գրադարանի ծառայություններից` կատարելով ամբիոններին վերաբերող և այլ տարատեսակ աշխատանքներ:
Համալսարանի գիտական խորհրդի 2008թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ համալսարանի նորաստեղծ էլեկտրոնային գրադարանը անվանակոչվել է Կամո Ուդումյանի անունով:
Կամո Ուդումյանը ճանաչված կուսակցական ու պետական գործիչ է, դիվանագետ: Նա պատմական գիտությունների դոկտոր է: Հասարակայնության լայն շրջաններում Ուդումյանին ճանաչում են որպես պետական ու հասարակական նշանավոր գործչի, որն ակնառու վաստակ ունի Հայաստանում մշակույթի, բարձրագույն կրթության ու գիտության զարգացման գործում: Հյուսիսային համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 18-ի որոշմամբ եւ համալսարանի ռեկտորի նույն թվականի սեպտեմբերի 19-ի հրամանով բուհում սահմանվել է Կամո Ուդումյանի անվան կրթաթոշակ, որը մրցութային կարգով շնորհվում է համալսարանի հումանիտար ֆակուլտետներից որեւէ մեկի առնվազն չորս կիսամյակ գերազանց առաջադիմություն, օրինակելի վարք եւ հասարակական ակտիվություն դրսեւորած ուսանողի:
Ներկայումս էլեկտրոնային գրադարանից օգտվում են 280 անդամ: Էլեկտրոնային գրադարանում ուսանողները ժամանակ չեն վատնում ծանոթություններ հաստատելու համար, որովհետև արգելվում է նմանատիպ կայքերից օգտվել: Համակարգիչները ծառայում են անհրաժեշտ աշխատանքներ կատարելու և տեղեկատվություն ստանալու համար: Գրադարանի էլեկտրոնային ռեսուրսներն ու էլեկտրոնային գրքերը հիմնականում ռուսերեն լեզվով են:
Էլեկտրոնային գրադարանը համարվում է շատ ուսանողների սիրելի վայրը:
