Սանկտ Պետերբուրգ

ԵՐԿՈՒ ԲՈՒՀԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Առանց գիտելիքի մարդը, նման է գերանի կամ քարի: Այդ խոսքին հետեւելով` Հյուսիսային համալսարանը ջանում է չունենալ գերանի կամ քարի նմանվող կադրեր: Բուհ-ն ուսանողների համար լավ հնարավորություններ ստեղծելու նպատակով արդեն 5 տարի գործակցում է Սանկտ-Պետերբուրգի Հյուսիս-արեւմտյան պետական տեխնիկական տնտեսագիտական համալսարանի հետ: Սանկտ-Պետերբուրգի համալսարանը Ռուսաստանի հայտնի բուհերից է, որը ստեղծվել է 1930-ական թվականներին: Վերջերը համալսարանը տոնել է 75-ամյա հոբելյանը: Համալսարանը որակյալ կադրեր է պատրաստում ե°ւ Ռուսաստանի, ե°ւ Սանկտ-Պետերբուրգի հյուսիս-արեւմտյան մարզերի համար: Բուհն այսօր ունի 100 մասնագիտություն եւ 10.000-ից ավելի ուսանող: Հյուսիսային համալսարանը ոչնչով չի զիջում Հյուսիս-արեւմտյան պետական տեխնիկական տնտեսագիտական համալսարանին: Ավելին, շարժվում է նրա հետ համընթաց եւ չի զիջում դիրքերը ո°չ կրթական մակարդակով, ո°չ դասախոսական կազմով, ո°չ ուսանողների զարգացվածությամբ: Բուհերի գործակցությունը կայացել է շնորհիվ Արմեն Սահակյանի: Նա եղել է Հյուսիսային համալսարանի ռեկտորի օգնական տիկին Ռայա Ջանինյանի աշակերտը, երբ տիկին Ջանինյանն աշխատում էր դպրոցում: Արմենը Սանկտ-Պետերբուրգի համալսարանն ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզը եւ ստացել դոկտորի աստիճան: Այսօր պարոն Սահակյանը Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատվավոր դասախոսներից է: Նա նաեւ այդ համալսարանի ներկայացուցիչն է Հյուսիսային համալսարանում, երբեմն հանդես է գալիս նաեւ դասախոսություններով: Պարոն Սահակյանը Հյուսիսային համալսարանի գիտական եւ գիտահրատարակչական խորհրդի անդամ է: Գործակցության շնորհիվ Հյուսիսային համալսարանը Սանկտ-Պետերբուրգի համալսարանի լավագույն ավանդույթներն ընդօրինակում է` ստեղծագործական ուրույն ոգով: Այսօրվա սերտ հարաբերությունը վկայում է, որ երկու բուհի բարեկամական կապն ապագային ավելի է ամրապնդվելու:

Զարինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լրագրության 3-րդ կուրս