Նորություններ

ՆՈՐ ԳՐՔԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ

10 Մայիս 2010

ՆՈՐ ԳՐՔԵՐԸ ՓԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ԹՌԻՉՔԸ

Լուսանկարչության մասին հայ լրագրության մեջ բավական քիչ է խոսվում: Թեմային վերաբերող հայերեն աշխատություւնների, մեթոդական ձեռնարկների պակասը խիստ զգալի է: Բայց այդ բացը լրացրեց Հյուսիսային համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս Ստեփան Մարությանը` «Գեղարվեստական լուսանկարչությունն ու լրագրությունը» ուսումնամեթոդական ձեռնարկով:
Ձեռնարկի ստեղծման նպատակն է եղել նպաստել հանրային լուսանկարչության խնդիրներն ուսումնասիրող մասնագետների և, հատկապես, ուսանողների տեսական գիտելիքների ձեռքբերմանն ու հարստացմանը և այդ գործի ամրապնդմանը:
Գրքի մասին կարծիք են հայտնել Մանկավարժական և Պետական համալսարանի դասախոսներ.
«Մարությանին հաջողվել է հետաքրքիր կերպով բացահայտել մասնագիտական այն հմտություններն ու կարողությունները, որոնք պահանջում է ժամանակակից հասարակությունն ապագա լրագրողից:Համեմատելով հեռուստաօպերատորի և լուսանկարչի մասնագիտական խնդիրները` հեղինակը բացատրել է այն առանձնահատկությունները, որոնք բնորոշ են այդ մասնագետներին: Միաժամանակ դրանք հիմնավորել յուրաքանչյուրի նկատմամբ լսարնի առկա ակնկալիքներով»,-նշել է Մանկավարժության գիտությունների թեկնածու, դոցենտ` Արթուր Բաղդասարյանը:
Բանասիրական գիտությունների դոկտոր ` Դավիթ Պետրոսյանն էլ ասել է, որ նյութի մատչելի շարադրանքը, հիմնական հարցերի ուղղությամբ արված մեթոդական շեշտադրումները հնարավորություն կտան ուսանողներին պատկերացում կազմելու մեր օրերում լուսանկարչության և օպերատորական աշխատանքի դերի և նշանակության, ինչպես նաև այդ ոլորտում կատարված աշխատանքների մասին:
Պարոն Մարությանի գիրքը խիստ անհրաժեշտ ուսումնամեթոդական ձեռնարկ է թե° այդ մասնագիտությունն ուսումնասիրող բուհերի ուսանողների և թե° դասախոսների համար, որը մեծապես կնպաստի սովորողների տեսական գիտելիքների ձեռքբերմանը և ուսուցման որակի բարձրացմանը:
Գիրքը հրատարակության են երաշխավորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կինոյի ու հեռուստատեսության ամբիոնի , կուլտուրիայի ֆակուլտետի և համալսարանի գիտական խորհուրդները:


Գենդեր` սոցիալ-մշակութային նորմերի համակցություն, որոնք հասարակությունը պարտադրում է մարդկանց նրանց սեռին համապատասխան:
Գենդերային կրթությունը ապասոցիալականացման յուրահատուկ գործընթաց է, որը սովորեցնում է ուսանողին ինքնահաստատվել և ինքնաներկայանալ, ազատվել այլևայլ բարդույթներից: ՈՒսանողուհիները սովորում են լինել ավելի ինքնուրույն, ինքնավստահ, ուսանողները` ազատվելով հեղինակությունների, շրջապատի թելադրանքից, դառնում են ավելի ազատ և անկաշկանդ:
«Գենդերային իրազեկությունը` զուգակշռված ժողովրդավարության նախադրյալ» ծրագրի շրջանակներում` ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (Վարշավա) և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ ստեղծվեց Լիլիթ Զաքարյանի « Գենդեր և լրագրություն» մեթոդական ձեռնարկը:
Ձեռնարկը նախատեսված է բուհերի լրագրության ֆակուլտետների դասախոսների համար, որպես «Գենդեր և լրագրություն» ուսումնական ձեռնարկի մեթոդական ուղեցույց: Ձեռնարկում ներկայացված է նաև «Գենդեր և լրագրություն» դասընթացի չափորոշիչը և ծրագիրը:
Բուհերի ուսանողների, դասախոսների, լրագրողների ինչպես նաև գենդերային հիմնախնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար` Լիլիթ Զաքարյանը և Անահիտ Հարությունյանը համատեղ ստեղծեցին նաև «Գենդեր և լրագրությունե ուսումնական ձեռնարկը:
Ձեռնարկների շնորհանդեսը Հյուսիսային համալսարանում էր կազմակերպվել: Ներկաները հիացած էին կատարված աշխատանքից: Ամեն կերպ ուզում էին ծանոթանալ գրքին: Ի դեպ եթե դուք էլ ցանկություն ունեք ծանոթանալ տեղեկացնենք, որ համալսարանի գրադարանում արդեն կա:
ՈՒսումնական ձեռնարկում ներկայացված է լրագրության մեջ գենդերային բաղադրիչի ներառման գործընթացի տեսական հիմքերը, բացահայտվում է զանգվածային լրատվամիջոցների դերը գենդերային կարծրատիպերի հաղթահարման և հասարակական կարծիքի դրական փոփոխման գործում:
Ձեռնարկը նպատակ ունի անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել ուսանողներին և դրանց շնորհիվ գենդերային զգայունություն ձևավորել նրանց մեջ, փաստերն ու իրողությունները գենդերային տեսանկյունից դիտելու և վերլուծելու նախաձախնդրություն ու հմտություն սերմանել, ինչն էլ կնպաստի լրատվամիջոցների արտադրանքի որակական փոփոխությանը:
Ձեռնարկի հեղինակները խնդիր են դրել ծանոթացնել ուսանողներին ժամանակակից գենդերային տեսության հասկացություններին, բացահայտել գենդերային կարծրատիպերի հիմքում ընկած մեխանիզմները, գենդերային խտրականության հաղթահարման ուղիները, գենդերի` որպես սոցիալ-մշակութային կառույցի դերը լրագրողական կարծիքի արտահայտման և հասարակական կարծիքի փոփոխման գործում:

 

Գայանե Բախտավորյան

Լրագրության 3-րդ կուրս