Նորություններ
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
26 Մայիս 2010
2009 թ.-ի փետրվարի 19-ին լրացավ մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանի ծննդյան 140 ամյակը: Այդ առթիվ «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և Հյուսիսային համալսարանը` Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, շարունակելով Հովհ. Թումանյանի 130 և 135 -ամյակների առթիվ կազմակերպած միջոցառումների ավանդույթները, այդ տարի ևս հանդես եկավ նախաձերնություննրով: Փետրվարի 19-ին և 20-ին կազմակերպեց գիտապրակտիկ կոնֆերանս` «Հովհաննես Թումանյանը եւ 21-րդ Դարը» խորագրով: Փետրվարի 19-ին Հյուսիսային համալսարանի շենքում բացվեց «Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնը: Երեկոյան արդեն «Առնո Բաբաջանյան» ֆիլարմոնիկ փոքր դահլիճում համերգային ծրագիր էր: Փետրվարի 20-ին Հովհաննես Թումանյանի ծննդավայրում` Դսեղում, ծաղկեպսակ դրվեց, հոգեհանգստի եւ հիշատակի արարողություն անցկացվեց: Բացի այդ փետրվարի 19-ի առավոտյան պատվիրակություն մեկնեց Խոջիվանք` Հովհ. Թումանյանի գերեզմանին պսակադրման և հոգեհանգստի արարողություն անցկացնելու նպատակով: Քանի որ դեռ անցած տարի նշվեց, որ այդօրինակ միջոցառումները շարունակական են լինելու Թումանյանական ամբողջ տարվա ընթացքին եւ ոչ միայն, այսօր «Թումանյան» հայրենասիրական միությունը եւ Հյուսիսային համալսարանը երթ էին կազմակերպել դեպի Ազատության հրապարակ, որտեղ կրկին ամբողջ վեհությամբ ներկայացած է Հովհաննես Թումանանի արձանը: Անցած տարվա այդ բացը լրացնելու նպատակով մտավորականներ եւ երիտասարդ թումանյանասերներ քայլեցին դեպի արձանը` պսակադրության եւ Թումանյանի մեծության առաջ գլուխ խոնարհելու նպատակով:
