Նորություններ

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱԲԻՆԵՏ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

17 Հունիս 2010

Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետԱնհնար է, որ մարդուն սիրեն բոլորը, կամ, որ բոլորի համար մարդը լավը լինի, սակայն բացառություններ երբեմն պատահում են:
Անդրանիկ Մարգարյան, մարդ, ում մասին դրականը չափազանց է մեկ մարդու համար: Նրա մասին դրական կարծիք ունեն անգամ հակառակորդ ճամբարի ներկայացուցիչները:
Անդրանիկ Մարգարյանի մասին հենց այդ կարծիքն է գերակշռում, քանի որ նա կարողացել է խախտել դոգմաները, լինել իսկապես սիրված բոլորի համար եւ նրա մասին դեռ էլի կխոսեն սերունդները: Հետաքրքրական է, որ այդ չափազանց հասարակ մարդը շատ խորն ու գիտակից էր: Նա մեծ հայրենասեր էր: Գիտեմ, որ մարդու մահից հետո ասված խոսքերը հիրավի չեն արտահայտում իրականությունը, սակայն նրա մասին ասվել է դեռ կենդանության օրոք, ինչն առավել է դարձնում նրա թողած սերնդի պարծանքը` այդօրինակ հայր, ամուսին եւ պապ ունենալու համար: Նա պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» մեդալներով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով, ԵԿՄ «Սպարապետ» մեդալով։ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի առիթով, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործին ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Նա, հիրավի մեծ հայրենասեր էր: Գուցե հենց հայրենիքի ու ազգի մասին մտորումներն էլ թույլ չտվեցին ձգել կյանքի ուղին` մինչեւ խորը ծերություն, հենց այդ ապրումներն էլ երկարակեցության համար խոչընդոտ դարձան:
Ընդամենը մի քանի օր առաջ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան եւս մեկ տարեդարձը պիտի լիներ: Նա ծնվել է 1951 թ.-ի հունիսի 12-ին, Երեւանում: Անձնական կյանքի մանրամասներին չենք անդրադառնում, քանի որ առավել կարեւոր է հետագիծը, որ կա նրա կյանքից հետո: Նժդեհյան գաղափարների կրող ու հետնորդ պարոն Մարգարյանը հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Եվ դա դեռ վաթսունականներին:
1992 թ. հունիսի 9-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ՀՀԿ) անդամ է, իսկ հետագային նաեւ նախագահ:
Անդրանիկ Մարգարյանն օժտված էր բոլորին ներելու, խաղաղություն տարածելու առանձնահատուկ տաղանդով, և թերևս նրա բնավորության ամենաբնորոշ գիծը խաղաղասիրությունն էր: Մեր երկրի անկախության ակունքում կանգնած Մարգարյան-հայրենասերին վիճակված էր դառնալ ժողովրդի հույսի ու պայծառ օրերի առհավատչյան: Նրա անդառնալի կորուստը մեծ հարված էր ոչ միայն մերձավորներին, հարազատներին, այլև բոլոր նրանց, ովքեր բախտ էին ունեցել գոնե մեկ անգամ շփվել, տեսնել նրան: Իր արմատներին ամուր կպած և երբեք իր ակունքները չդավաճանած այս Մեծ հայն ապրում էր ոչ մեկին չխանգարելով` իր ուսերին կրելով ժողովրդի հոգսն ու դարդն այնպես, ինչպես իր անձնականը, հայրական բարությամբ ու սրտի թրթիռով վերաբերում նորանկախ Հայաստանի ամեն մի հյուլեի:
Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թ. մարտի 25-ին:
Անդրանիկ Մարգարյանի անվան կաբինետի բացումԱյսօր Հյուսիսային համալսարանի կրթական բարեփոխումների կենտրոնում բացվեց «Անդրանիկ Մարգարյանի» անվան կաբինետ: Այն միտված է կրթական բարեփոխումների, հայոց պատմության, հայրենասիրություն սերմանելու նվիրական «մարգարյանական» գործին: Հուսով ենք, որ մարդիկ կաբինետի կողքով ամեն անցնելուց գլուխ խոնարհեն, կհիշատակեն եւ «ողորմի» կասեն:
Մենք շնորհակալ ենք Անդրանիկ Մարգարյանի հարազատներին` ներկա գտնվելու համար, վստահ ենք, որ նրանք շատ ասելիք շատ ունեին, բայց հուզումն անչափելի էր, լռությունը` նախընտրելի: Այդ պատճառով ելույթ ունեցան Անդրանիկ Մարգարյանի զինակից, կուսակից ընկերները, մտերիմները: Նրանք չափազանց բարձր էին գնահատում Մարգարյան-գործչի, մարդու ավանդը: Նրանցից յուրաքանչյուրը հիշեց Անդրանիկ Մարգարյանի մարդկային մի որեւէ առանձնահատկություն: Բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանն առավել հիշեց վարչապետ լինելու տարիներին կրթական համակարգի բարգավաճման ուղղությամբ նրա կատարած աշխատանքների մասին: ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` նրա մեծ ավանդը` հայոց պետականության, հայոց բանակի եւ հայ հայրենասիրության զարգացման, հիմնադրման եւ կայացման գործին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար Անդրանիկ Մարգարյանը լավ ընկեր էր, ում կորուստն անչափելի եւ անդառնալի էր: Հռետորական ձիրքով օժտված Էդուարդ Շարմազանովը, ով առավել երիտասարդ կուսակիցն էր, հիշեց պարոն Մարգարյանի` երիտասարդների կողքին կանգնելու եւ նրանց աջակցելու մեծ պատրաստակամությունը: Խոսքերը շատ էին, հիշելու առիթները` եւս: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Զաքարյանի հատկապես գնահատեց նրա քաղաքական գործունեությունը 60-ականներին, երբ շատերը կկարկամեին եւ դեմ խոսել չէին համարձակվի:

Տարոն ՄարգարյանԻնչեւէ, միջոցառումն ուներ նաեւ այլ առաքելություն: Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը հանձնեց Հյուսիսային համալսարանի երկու ուսանողի կրթաթոշակները, որ կրում էին հոր` Անդրանիկ Մարգարյանի անունը: Այդպիսով, Արամ Ղալեչյանը` Հյուսիսային համալսարանի տնտեսագիտություն եւ կառավարում ֆակուլտետի արդեն երրորդ կուրսի ուսանող, եւ այս տարվա մրցույթին լավագույն ֆակուլտետի կոչմանն արժանացած ֆակուլտետի` իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Քարազյանը պատիվ ունեցան մեծ գործչի որդուց ստանալ հուշագրերը:
Մենք վստահ ենք, որ հայրենասիրությունը պարոն Մարգարյանը «վաստակել է» մեծ հայ, հայրենասեր Անդրանիկ Օզանյանից: Սակայն, հայրենասիրության մասին ոչ թե խոսում են, այլ հանուն այդ գաղափարի գործում: Երբեւէ չես հիշի հարցազրույց, երբ պարոն Մարգարյանն ասեր, թե ինքը հայրենասեր է, բայց կա արդյոք մեկը, ով դա չգիտի: Հայրենասեր, մարդկային եւ բարի քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանին ամեն ծննդյան օրն ընկերներն ասում են.«Ծնունդդ շնորհավո'ր»: Մենք եւս միանում ենք եւ սրտով ասում. «Ծնունդդ շնորհավո'ր»:

Էվելինա ՂԱՆԹԱՐՉՅԱՆ