Նորություններ

ՄԵՐ ԵՐԿՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

07 Հուլիս 2010

Կրթական համակարգում, անխոս, Հյուսիսային համալսարանն արդեն ուրույն տեղ է զբաղեցրել: Այսօր, երբ ամեն բան ավտոմատացված է, անգամ սպասարկման ոլորտն արդեն մարդու բացակայությամբ է փորձում գործել, Հյուսիսային համալսարանը պահպանում է մարդկային բոլոր գործոնների ներդրումը: Դրա վառ ապացույցը Հյուսիսային համալսարանի կողքին ոչ միայն ուղղակի լավ, այլեւ լավագույն բարեկամներն են: Ի դեպ, «լավագույնների օր» կարելի էր կոչել հենց հուլիսի 7-ը, երբ համալսարանի ամենամյա ավանդական օրը հրապարակվեցին 2009-10 ուստարվա արդյունքներն ու տրվեցին բազում պատվոգրեր, շնորհակալագրեր եւ հուշագրեր:

Այս տարին ամբողջ հանրապետության համար նշանակալից է` կրթական բարեփոխումների իրականացման իմաստով: Հյուսիսային համալսարանը եւս առաջամարտիկներից է եւ, ինչպես միշտ, պատրաստակամ է մասնակցել ցանկացած նոր մտահղացման եւ բարեփոխման նպատակով իրականացվող գործառույթների: Սակայն, համալսարանի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ բարեփոխելով` չի ջնջում անցյալը, այլ հակառակը` ամեն բան կառուցում է հենց հնի լավագույն ավանդույթների հենքի վրա: Համալսարանի ղեկավարությունն ակտիվ մասնակցում է կրթական ոլորտի օրենսդրության կատարելագործման գործընթացին: Համալսարանում ձեւավորված մի քանի գաղափար եւ ուսումնական գործընթացին տարիներ շարունակ կիրառվող սկզբունքներ ամրագրվել են օրենսդրական եւ այլ նորմատիվ փաստաթղթերում:
Բարեփոխումների ամբողջ գործընթացին լավագույնը դրսեւորվելու եւ անմնացորդ աշխատանքի համար էլ պարգեւատրվեցին Հյուսիսային համալսարանի 4 աշխատակից` համալսարանի պրոռեկտոր եւ դասախոս, փ.գ.թ. Գրիգոր Ասատրյանը, ուսումնական մասի վարիչ եւ դասախոս, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Զաքարյանը, «Հյուսիսափայլ» գիտական ամսագրի խմբագիր եւ դասախոս, պ.գ.դ. Աշոտ Ներսիսյանը, կրեդիտային կենտրոնի ղեկավար եւ դասախոս Ռոզա Ջաղացպանյանը:
Այս ուսումնական տարին եւս Հյուսիսային համալսարանի համար արդյունավետ էր. ձեռքբերումները, ինչպես միշտ, տարեցտարի միայն ավելանում են ու առավել հպարտություն պարգեւում հյուսիսայինցիներին:
Հյուսիսային համալսարանի համար այս ուստարին հոբելյանական էր: Այս տարի բուհի` առաջին շրջանավարտն ունենալու տասնամյակն է: Հյուսիսային համալսարանն արդեն որերորդ անգամ է ասում բարի ճանապարհ` դեպի նոր կյանք ուղղորդելով շրջանավարտներին եւ մաղթելով նրանց եւս հասնել շրջանավարտներից շատերի բարձունքին:
Շրջանավարտները, ասես, յուրահատուկ հայելի են, որի միջոցով ճշգրիտ արտացոլվում է բուհի ընդհանրական պատկերը: Անցած տարիների ընթացքին համալսարանն ունեցել է բարձրագույն կրթությամբ 3956 շրջանավարտ` 8 մասնագիտության գծով: Վերջին տարիներին հարյուրավոր սաներ ավարտել են համալսարանին առընթեր գործող քոլեջը եւ ավագ դպրոցը: Ի դեպ, տարին հոբելյանական է նաեւ ավագ դպրոցի համար, քանի որ այս ուստարին 5-րդն է դպրոցի պատմության մեջ:
Համալասարանի շրջանավարտների 10% արժանացել է գերազանցության դիպլոմի:
Համալսարանի շրջանավարտների զգալի մասն աշխատում է ըստ մասնագիտության, նրանցից շատերը զբաղեցնում են բարձր պաշտոններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կան շրջանավարտներ, որոնք մանկավարժական աշխատանք են կատարում բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Եթե շրջանավարտների թողարկման առաջին 5 տարին համալսարանն ունեցել է ընդամենը 642 շրջանավարտ, ապա վերջին 5 տարվա ընթացքին այն կազմել է ավելի քան 3000 (ավելի ստույգ` 3044), այսինքն` վերջին 5 տարվա շրջանավարտների ընդհանուր թիվը մոտ 5 անգամ գերազանցում է առաջին 5 տարվա ցուցանիշը:
Շրջանավարտները բուհի ամենամեծ հարստությունն են, որոնք ձգտում են ամենուր բարձր պահել Հյուսիսային համալսարանի շրջանա¬վարտ¬ների անունը, բուհի պատիվը:
Այդօրինակ շրջանավարտների պատվո օր դարձավ Հյուսիսային համալսարանի օրը, երբ բազում պատվոգրեր ու հուշագրեր հանձնվեցին ե°ւ ուստարվա լավագույն շրջանավարտ-մասնագետներին, ե°ւ բարձր առաջադիմությամբ ու հասարակական ակտիվ գործունեությամբ աչքի ընկած ուսանողներին:
Հյուսիսային համալսարանն անընդհատ է կազմակերպում միջոցառումներ, իսկ առիթներ, նորություններ ունենալն այդ բուհում արդեն սովորական է եւ բնավ ոչ «նորություն՚: Վերջին երկու տարին շարք են մտել ժամանակակից մարզական գույքով կահավորված նոր մարզասրահը, էլեկտրոնային գրադարանը եւ կաբինետը, մոտ մեկ տասնյակ համակարգչային եւ առարկայական կաբինետները, «Նոր Վերնատուն» թումանյանագիտական կենտրոնը, նիստերի դահլիճներ եւ մեր վերջին ձեռքբերումներից` Անդրանիկ Մարգարյանի անվան կրթական բարեփոխումների կաբինետը:
Ուսումնական շենքում շահագործման են հանձնվել սյունազարդ, շքեղ սպասասրահ, գրախանութ եւ հարմարավետ բուֆետ-ճաշարան:
Աշխատանքներ են տարվում կրիմինալիստիկայի եւ հեռուստալրագրության կաբինետների ստեղծման ուղղությամբ: Այդ աշխատանքները եւս շուտով կավարտվեն:
Այդ ամենը փաստում է, որ բուհի ներքին կյանքն անընդհատ զարգանում է` դրանով առավել նպաստելով բուհի առաջընթացին եւ ուսանողական կյանքի ակտիվացմանը:
Պատվավոր տիտղոսներ ու կոչումներ կրողների շարքում առանձնահատուկ տեղ են գրավում Հյուսիսային համալսարանի բարեկամները: Նրանք արդեն բավական մեծ թիվ են կազմում: Այս տարի նրանց միացան ՀՀԿ մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ու ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը: Ի դեպ, հյուրերի շարքում եւս կային նախորդ տարիների լավագույն բարեկամները, իսկ անցած ուստարվա լավագույն բարեկամ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թեեւ ներկա չէր, սակայն անմասն մնալ չէր ցանկացել: Քաղաքապետարանի կրթության վարչության հանրակրթության բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը միջոցառման ընթացքին ընթերցեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Հյուսիսային համալսարանում այսօր տոն է: Այդ տոնը ոչ միայն համալսարանինն է, այլեւ բոլոր նրանց, ովքեր այդտեղ են կրթություն ստացել: Ստեղծման հետաքրքիր ժամանակներ ապրած այս համալսարանը դարձել է մեր երկրի լավագույն մասնագետների դարբնոցը, որոնց պատրաստվածությունը նկատելի է այն ոլորտներում, ուր նրանք աշխատում են: Նրանց ուղղորդող հզոր ուժը` գիտելիքի, կրթության եւ իմացության հետ միասին, հպարտության խորին զգացում է արթնացնում այսօրվա մասնագետների մոտ, երբ հիշում են, որ իրենց նվիրական աշխատանքի շնորհիվ համալրվում են համալսարանականների շարքերը: Գիտելիքներով հարուստ անփոխարինելի սերունդ կրթելու պատգամ է որդեգրել Հյուսիսային համալսարանը, իսկ նրա սաները միշտ հպարտությամբ են հայտարարում իրենց` համալսարանական լինելու վեհ կոչումը: Այսօր էլ համալսարանը ապրում է իրեն բնորոշ հետաքրքիր ու բովանդակալից կյանքով` միշտ կերտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երեւանցու ճիշտ դիմագիծը: Համալսարանի առաջին շրջանավարտների տասնամյակի առիթով շնորհավորանքի ու շնորհակալության խոսքի են արժանի համալսարանի հիմնադիրը, նախկին եւ ներկա պրոֆեսորադասախոսական ողջ կոլեկտիվը: Շնորհավորում ենք բոլոր տարիների եւ ներկա սաներին: Շնորհավոր տոնդ, Հյուսիսային համալսարան: Քեզ բարի երթ, դեպի կրթական նորանոր բարձունքներ՚:
Հյուսիսային համալսարանի ռեկտորատը չէր կարող չգնահատել ամբողջ ուստարվա աշխատանքն ու արժանիներին չպարգեւատրել: Ռեկտորատի որոշմամբ այս տարի եւս որոշվեց բուհի լավագույն ֆակուլտետը: Այս անգամ այդ բարձր կոչմանն արժանացավ Իրավագիտության ֆակուլտետը: Այս տարի ավելացավ եւս մեկ անվանակարգ, որն է լավագույն ամբիոնը: Այս ուստարվա արդյունքով այդ բարձր կոչմանն արժանացավ բուհի իսկապես լավագույններից մեկը` Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը: Հաղթող ամբիոնի վարիչ, թումանյանագետ, բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանի հուզմունքն անչափելի էր, հատկապես, որ իր կոլեկտիվի ջանասեր աշխատանքը ստացավ արժանի գնահատականն ու լավագույնի կոչումը: Ի դեպ, այդօրինակ լավ արդյունք ունենալու համար բուհի ղեկավարությունը բանասեր-մանկավարժների համար այս տարվա հոկտեմբերին կազմակերպելու է էքսկուրսիա` Թումանյանի հայրենի տարածաշրջան: Իսկ հաղթող ֆակուլտետի ուսխորհրդի առաջարկությամբ եւ նախաձեռնությամբ այս տարի նոյեմբերին` ուսանողի միջազգային օրը, կկազմակերպվի համերգ` անվանի երգիչների մասնակցությամբ: Վերջիններին եւս կընտրեն այդ ֆակուլտետի ուսանողները: Ի դեպ, նրանցից մի քանիսն արդեն իսկ ներկա էին միջոցառմանը: Բուհի այս տարվա շրջանավարտներից էր նաեւ շատ սիրելի եւ ճանաչված երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո): Նրա ընկերները` Վարդան Բադալյան, Ռուբեն Սասունցի, Աղասի Իսպիրյան, եւս իրենց կատարումներով շնորհավորելու էին եկել ոչ միայն իրենց ընկերոջը, այլեւ բոլոր հյուսիսայինցիներին: Թեեւ ամառն իսկապես թեժ է, դահլիճի ջերմաստիճանն անասելի էր բարձրացել: Ուսանողների ոգեւորությունն առավել էր, քանի որ նրանք կատարեցին բացառապես հայրենասիրական եւ ազգային երգեր, ինչը համապատասխանում էր նաեւ Հյուսիսային համալսարանի որդեգրած քաղաքականությանը` լինել հայրենասեր, ծառայել հայրենիքին, ծավալել ազգանվեր գործունեություն:
Ի դեպ, այդ միջոցառումը միակ չէր, քանի որ Հյուսիսային համալսարանն ունի նաեւ մասնաճյուղեր եւ դրանցից մեկը` «Թումանյան»մասնաճյուղը եւս շրջանավարտներին բարի երթ մաղթելու ու համալսարանի օրը նշելու նպատակով կազմակերպել էր միջոցառում: Հուլիսի 2-ին այնտեղ եւս այս եւ նախորդ տարիների լավագույն շրջնավարտները, բուհի դասախոսներն ու աջակից-ընկերները ստացան պատվոգրեր, այդ թվում` Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու դատավոր Սուրեն Բաղդասարյանը, բուհի նախկին շրջանավարտ Ալիկ Ծատինյանը եւ մասնաճյուղի ղեկավար Վլադիմիր Բեկթաշյանը: Ասել է, թե լավագույններն առկա են ոչ միայն մայր բուհում, այլեւ մասնաճյուղերում:
Ինչեւէ, Հյուսիսային համալսարանն ամփոփեց եւս մեկ ուսումնական տարի, արդյունքը գոհացուցիչ էր բուհի ղեկավարության համար, սակայն անելիքներն այդքանով չեն սահմանափակվում: Նոր եւ առավել հետաքրքիր իրադարձությունները դեռեւս սպասվում են: Բուհի ղեկավարությունն ու վարչական, պրոֆեսորադասախոսական կազմն էլ պատրաստակամ են աննկուն աշխատել եւ նպաստել բուհի առաջընթացին ու հաջողությանը:

Էվելինա ՂԱՆԹԱՐՉՅԱՆ