Յուրաքանչյուր արվեստագետի գործ խոսում է նրա բնավորության մասին և արտահայտում հեղինակի տրամադրությունը:
Լիանայի դեպքում կարելի է ասել, որ նրա նկարները հագեցած են գունային պայծառ ներդաշնակությամբ:
Հինգշաբթի առավոտյան աստիճաններով բարձանալիս միջանցքներից մեկում նկատեցի ցուցատախտակ, որի վրա կային աշնանային գույնզգույն տերևներ: Մոտեցա և իմ առաջ բացվեց զարմանահրաշ տեսարան՝ խոսող, երգող ու պատմող տերևներ, նրանցից յուրաքանչյուրի վրա՝ մի աշխարհ՝ ստեղծված վրձնի և գույնզգույն ներկերի օգնությամբ: Նկարներից մեկում արտացոլված էին երկու սիրահար զույգեր, նրանց գլխավերևում փայլում էր աստղային փունջը, որը կարծես մութ գիշերում միակ լուսավորող կետն էր: Աստղափունջը փարոսի պես լուսավորում էր նրանց ճանապարհը դեպի հորիզոն, դեպի լիալուսինը: Այն, իմ կարծիքով, խորհրդանշում էր նրանց անսահման սերը: Այնքան տպավորված էի իմ առաջ բացվող հեքիաթից, որ որոշեցի գտնել հեղինակին և հայտնել տպավորություններիս մասին: Սակայն ստիպված էի սպասել մինչև դասաժամի ավարտը: Ընդմիջման ժամանակ համալսարանում նկատեցի եռուզեռ, որից հասկացա, որ բոլորն արդեն տեղյակ էին վրձնի կախարդական ուժին և շտապում էին ցուցահանդեսի: Ինչ խոսք, ինքս էլ գնացի և վերապրեցի այն հաճելի զգացումը, որը պարուրել էր ինձ առավոտյան: Ի վերջո հանդիպեցի հեղինակին՝ Օտար լեզվի և գրականության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Կարապետյանին՝ արվեստագետի հոգով այդ զարմանալի աղջկան, և հայտնեցի իմ խորին շնորհակալությունը: Լիանան ինձ պատմեց, թե ինչպես է մտահղացել այդ գլուխգործոցները: Նրա մասնագիտությունը ամենևին էլ նկարչությունը չէ, ընտրել է օտար լեզուները, բայց մանկուց սիրել է նկարել: Տարիների ընթացքում նկարչությունը դարձել է Լիանայի նախասիրությունը: Ցանկանալով ստեղծել հետաքրքիր, իր տեսակի մեջ նմանը չունեցող մի բան՝ Լիանան ստվարաթղթի փոխարեն իր ձեռքն է վերցրել տերևը, փորձի համար նկարել դրա վրա: Ամբողջական հավաքածուն ստեղծել է այս աշնան երկու ամիսների ընթացքում:
_auto_generated_thumb_ _auto_generated_thumb_