Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է խթանել Համալսարանի գիտական ստորաբաժանումների, անհատների նորարարական գիտահետազոտական գործունեության զարգացումը:
Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝
- Իրավագիտություն և հասարակական գիտություններ
- Կառավարում և տնտեսագիտություն
- Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
- Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
- Հոգեբանություն
- Լրագրություն
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ և շրջանավարտներ: Թիմերի մասնակիցների քանակի սահմանափակում չկա:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը:
Դրամաշնորհը կարող է պարունակել՝
- լրացուցիչ աշխատավարձ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով.
- բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածի խմբագրական, թարգմանչական և տպագրության ծախսեր.
- մենագրության /գիտահետազոտական աշխատանքի/ տպագրություն Համալսարանի միջոցների հաշվին:
«Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 նիշ/(մոտավորապես 2.5-3 համակարգչային էջ) ծավալով,
- Ծրագրի ժամանակացույցը,
- Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
- Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
- Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3x4 չափի,
- Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:
Ծրագրերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ
- Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
- Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
- Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 1 տարին:
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ