Հյուսիսային համալսարանն անդամակցում է «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» քառամսյա ծրագրին: Ծրագրի համակարգողն է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)՝ UNESCO-ի ֆինանսավորմամբ։
Հունվարի 18-ին տեղի ունեցավ ծրագրի շահակիցների առաջին հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին նպատակները և ակնկալվող վերջնարդյունքները, ծրագրի իրականացման փուլերը և ակնկալիքները յուրաքանչյուր շահակցից։
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի նպատակն է զարգացնել բուհերի որակի ներքին ապահովման կարողությունները՝ ստեղծելով բարեփոխումների խմբեր, ինչպես նաև նախապատրաստել բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին։ Ծրագրի արդյունքում շահակից բուհերում կբարելավվեն ինքնավերլուծություն իրականացնելու կարողությունները, կամրապնդվի որակի շարունակական բարելավման մշակույթը։
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ փորձագիտական խմբում որպես արտաքին գնահատողներ ընդգրկված են լինելու մասնագետներ հենց գնահատվող բուհից։ Այսպիսով, բուհում կձևավորվի մասնագետների որոշակի շրջանակ, որոնք իրենց ուսումնական հաստատության գործունեությունը և խնդիրները տեսել են որպես արտաքին գնահատող և, որպես այդպիսին, ակտիվ մասնակցություն կունենան բարելավման հետագա գործընթացներում։
Նյութի սկզբնաղբյուր՝https://bit.ly/393ajye