ԵԱՏՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՃԵԼ Է
2019թ. մայիսի 10-ին տեղի ունեցավ հանդիպում հայ և ռուս տնտեսագետների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը, դոցենտ Հրայր Հանիսյանը, այլ աշխատակիցներ, իսկ ռուսական կողմից՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի տնտեսագետներ Արտակ Գրիգորյանը և Գրիգոր Գրիգորյանը: Հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծեցին ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրային ծավալների աճի բարձր տեմպերը: Մասնավորապես, դոցենտ Ա. Գրիգորյանի խոսքերով՝ 2018թ. արդյունքներով Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2 մլրդ 127 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 689 մլն, իսկ ներկրումը՝ 1 մլրդ 438 մլն դոլար: Առևտրային բալանսը եղել է բացասական՝ 749,2 մլն դոլարի չափով: Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2018 թ. աճել է 12,8 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է ավելի շատ, քան ներկրումը, համապատասխանաբար 20,7 և 9,4 տոկոսով: Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 1,1 տոկոսը: