<Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները…>
Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է նաև Հյուսիսային համալսարանում: Թեպետ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված այս ուսումնական տարին սկսվեց մի փոքր այլ ձևաչափով, սակայն դա չխանգարեց, որ խորհրդանշական այս օրը բուհը հավուր պատշաճի ընդունի առաջին կուրսեցիներին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ կարևորելով կրթության դերն ու նշանակությունը զարգացած ու խելացի հասարակության կայացման գործում: Նա նշեց, որ Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ ուսանողների կրթությունն առավել որակյալ կազմակերպելու համար:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը՝ առաջին կուրսեցիներին մաղթելով հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև կոչ արեց դրսևորել հասարակական ակտիվություն և ապրել ուսանողական լիարժեք կյանքով:
Տոնական այս օրը սիրելի դասախոսներին ու առաջին կուրսեցիներին ողջունելու էր եկել նաև համալսարանի լրագրության ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ, ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Գևորգյանը: Նա երախտիքի ջերմ խոսքերով հիշեց բուհի հիմնադիր ռեկտոր, լուսահոգի Բորիս Մակիչյանին, կարևորեց բազմաթիվ շրջանավարտների ուսումնառության և աշխատանքային գործունեության մեջ նրա ունեցած մեծ ներդրումը:
Հանդիսության ավարտին առաջին կուրսեցիները երազանք պահեցին՝ օդ բարձրացնելով տոնական փուչիկներ, ինչպես նաև ստացան անականկալ փոքրիկ հուշանվերներ բուհի կողմից՝ ուսումնառության սկիզբն ավետող բարեմաղթանքներով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին