Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Մանվել Հարությունյանն առաջնագիծ գնալիս զանգել է հրաժեշտ տալու. «Կներեք, որ չհասցրեցի պրակտիկայի փաստաթղթերը հանձնել դեկանատ,- ասել է նա,- անպարտաճանաչություն չհամարեք, երբ վերադառնամ, կբերեմ բոլորը»:
Հյուսիսային համալսարանի տարբեր ֆակուլտետների առկա և հեռակա ուսուցման բազմաթիվ ուսանողներ այսօր գտնվում են առաջնագծում: Արցախում պատերազմական գործողությունները վերսկսելուն պես հազարավոր հայորդիների հետ համալսարանի ուսանողները ևս կամավորագրվեցին ու մեկնեցին մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու: Առաջնագծում են նաև բուհի շուրջ 40 պայմանագրային զինծառայող ուսանողները, մի մասն էլ կամավորագրվել ու սպասում է իր հերթին...
Շունչներս պահած սպասում ենք հաղթական լուրերի՝ շարունակելով մեր ուժերի չափով կազմակերպել առաջնագծին անհրաժեշտ պարագաների ու դրամական օգնության հավաքագրումը: Սնունդով, հագուստով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով լեցուն արկղերն այսօր ուսխորհրդի կազմակերպված աշխատանքի շնորհիվ արդեն Արցախի ճանապարհին են՝ մեր ուսանողուհիների ոգեշնչող գրառումներով: Կատարվել է նաև դրամական փոխանցում <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին:
Համալսարանի բազմաթիվ ուսանողներ ներգրավված են ամենատարբեր կամավորական աշխատանքներում նաև բուհից դուրս: Դոնորական արյուն հանձնելու համար մի խումբ համալսարանականներ ևս հերթագրվել են:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին