«Օտար լեզու» մասնագիտության առաջին կուրսում այսօր տեղի ունեցավ բաց դաս «Մանկավարժի բանավոր խոսքի հաղորդակցման մշակույթ» դասընթացի շրջանակներում: Թեման՝ «Ճանաչիր Հայաստանը»: Ինչպես իր խոսքում նշեց դասախոս, խոսքի վարպետ Մ. Մաճկալյանը, դասը մի քանի նպատակ էր հետապնդում՝ սովորել ճիշտ ներկայանալ լսարանի առաջ, պահպանել ուղղախոսական և շարահյուսական կանոնները, ճիշտ օգտվել համացանցի անսպառ տեղեկատվական դաշտից, անհրաժեշտ նյութերից զատել գլխավորն ու երկրորդականը և կենդանի, պատկերավոր խոսքով ներկայացնել տեքստը ունկնդիրներին:
Դասի թեմայի ընտրությունը պայմանավորված էր ուսանողների նախասիրությամբ. Պարզվեց՝ օտար լեզվի առաջին կուրսի ուսանողները իրենց ապագան տեսնում են զբոսաշրջության ոլորտում, ուստի նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր Հայաստանի որև տեսարժան վայր: Ուսանողների գեղեցիկ, արտահայտիչ խոսքի շնորհիվ մասնակիցների առջև նոր գույներով ներկայացան Սյունիքը, Տավուշը, Գյուրին: Բոլորիս հայտնի եկեղեցիներն ու վանական համալիրները ուսանողների պատկերավոր ու անկաշկանդ խոսքի շնորհիվ նոր շունչ ստացան:
Ուսանողներին հաջողվել էր նաև իրագործել դասի կարևոր նպատակներից մեկը՝ ներկայանալ անկաշկանդ, այնպես, կարծես թե իրենք վաղուց ի վեր զբոսաշրջության ոլորտում են և պատկերավոր խոսքով ավելի շատ զբոսաշրջիկ գրավել դեպի իրենց նախընտրած վայրերը: Իսկ վերջում բաց դասի մասնակիցների առջև գեղեցիկ ձևավորված սեղան էր՝ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ ուտեստներով:
Դասի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ուսանողներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում այսպիսի տպավորիչ դաս կազմակերպելու համար, իսկ դասախոս Մարինե Մաճկալյանին էլ ուղղվեցին ջերմ խոսքեր՝ նման արդյունքի համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին