logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

    CV2 Mobile      cv1 Mobile
 
 
CV`համակարգված, հագեցած ու գրավիչ
 
«Գիտելիքներն ու հմտություններն անշուշ կարևոր են ցանկալի աշխատանք գտնելու համար, բայց գրագետ ու ներկայանալի ինքնակենսագրականը՝ CV-ն, ձեր փնտրտուքը աշխատաշուկայում կպսակի հաջողությամբ»,–Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ․ Ֆլջյանն այսպես սկսեց խոսքը «Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV» միջոցառմանը, որը կազմակերպել էին Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման և արտաքին կապերի բաժինները։ Այս նախաձեռնությունը նաև մի քայլ էր ուսանողների հետ շփումների սերտացման, հետադարձ կապի ամրապնդման, ուսանողության պահանջների վերհանման ու դրանց լուծումներ տալու առումով։ «Մեզ անհրաժեշտ ու կարևոր է տեղյակ լինել մեր ուսանողների խնդիրներին, պահանջներին։ Բուհի ղեկավարությունը միշտ բաց է քննարկումների համար, ականջալուր է այն առաջարկներին, որոնք կնպաստեն ձեր մասնագիտական աճին, աշխատաշուկայում ավելի արագ դրսևորվելուն։ Իսկ այսօրվա միջոցառումը՝ «Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV», աշխատաշուկա տանող առաջին քայլերից մեկն է»,– նշեց մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Ս․ Սարգսյանը։ Նա նաև կարևորեց ուսանողների կապը բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնի հետ՝ հորդորելով ուսանողներին մշտական շփման մեջ լինել բաժնի հետ։
Միջոցառումն իսկապես հագեցած ու բովանդակալից էր։ Նախ՝ արտաքին կապերի բաժնի եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանը սահիկահանդեսի միջոցով հանգամանալից կերպով ներկայացրեց տպավորիչ ինքնակենսագրական(CV) կազմելու քայլերը։ Ի՞նչ պետք է ներառված լինի CV–ում, ի՞նչ հերթականությամբ, ինչպիսի՞ մանրամասներ են հետաքրքրում գործատուին, ինչպե՞ս խուսափել տարածված սխալներից և ներկայանալ առավել շահեկան կողմերով․ այս հարցերի պատասխանները ստացան Հյուսիսային համալսարանի տարբեր ֆակուլտետների շուրջ 35 ուսանողներ հանդիպման ընթացքում։ Անի Թամազյանն անդրադարձավ նաև ինքնակենսագրականին կցված լուսանկարներին՝ խորհուրդ տալով խուսափել սոցցանցերին բնորոշ լուսանկարներից, ինչպես նաև գրավիչ ձևավորել CV-ն, ինչը նույնպես էական ազդեցություն է ունենում գործատուի վրա ընտրություն կատարելիս։ Ուսանողներին ներկայացվեցին հաջողված և անհաջող ինքնակենսագրականների օրինակներ, ինչպես նաև այլ երկրներում CV-ների առավել ընդունելի տարբերակներ։ Սահիկահանդեսն ուղեկցվում էր հարցուպատասխանով՝ աշխուժություն հաղորդելով միջոցառման ողջ ընթացքին։
Այնուհետև ուսանողները լրացրին բուհի որակի ապահովման վարչության կողմից տրված հարցաթերթիկները, որի նպատակը միջոցառումից բավարարվածությունը ստուգելն էր, նոր առաջարկները ամփոփելն ու դրանց իրականացման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկելը։
Իսկ վերջում ամենահետաքրքիրն էր։ Հայտարարվեց շարադրության մրցույթ՝ «Ես՝ Հյուսիսային համալսարանի շրջանավարտս, 5–10–20 տարի անց (իմ մասնագիտական սպասելիքները բուհից)» թեմայով։ Համալսարանի ղեկավարության կողմից հայտարարված մրցույթի նպատակը ուսանողների մասնագիտական սպասելիքներին առավել խորությամբ ծանոթանալն է՝ համապատասխան քայլեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով։
Մրցույթի արդյունքները կամփոփի նախ վարչական աշխատողներից բաղկացած հանձնաժողովը, այնուհետև շարադրությունները ուսանողների շրջանում կդրվեն հրապարակային մրցույթի։ Այսպիսով կընտրվի երկու հաղթող՝ հանձնաժողովի կողմից և ուսանողության։ Որպես պարգև՝ շարադրության մրցույթում հաղթող ուսանողները կստանան 50–հազարական դրամ։
Միջոցառման ավարտին որոշվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել ուսանողների հարցաթերթիկների արդյունքներն ամփոփելուց հետո՝ հիմք ընդունելով նրանց առաջարկներն ու պահանջները։
 
Հյուսիսային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կետրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...