Հետաքրքիր,
Ճանաչողական,
Անհրաժեշտ.
Այսպես կարելի է բնութագրել համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը բուհի ուսանողների և «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից, չորրորդ կուրսի ուսանողուհի Մ. Ավանեսյանի Maga Avanesyanհետ, որը 2020/21 ուստարվա երկրորդ կիսամյակում սովորել է Լեհաստանի Շեցինի համալսարանում: Մագդալենան սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց իր ուսումնառության ընթացքը Եվրոպայի առաջատար բուհերից մեկում, անդրադարձավ ուսանողական վառ ու հետաքրքիր առօրյային և այն արտոնություններին, որն ընձեռում է «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն իր շահառուներին:
«Ուսումնառությունը Շեցինի համալսարանում իմ կյանքի լավագույն շրջանն էր: Ոչ միայն դասերն էին հետաքրքիր ու բովանդակալից, այլև հնարավորություն կար մասնակցելու ուսանողական ակտիվ կյանքին, շրջագայելու ինչպես Լեհաստանում, այնպես էլ հատել սահմանն ու ծանոթանալ այլ երկրների պատմամշակութային արժեքներին: Սկիզբն իհարկե փոքր-ինչ դժվար էր. նոր, անծանոթ միջավայր, տան կարոտը, սակայն հետո ընկերներ գտա՝ տարբեր երկրներից ուսանելու եկած ուսանողներ, և սկսվեց իսկապես հետաքրքիր ու արդյունավետ շրջան բոլորիս կյանքում»,- պատմում է ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը նաև նշեց, որ «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագիրն ամբողջությամբ փոխհատուցում է ուսանողի անհրաժեշտ ծախսերը՝ նույնիսկ ժամանցի համար հնարավորություն ընձեռելով: «Մասնակցությունը ծրագրին հնարավորություն է տալիս նաև բարելավել անգլերենի մակարդակը և ձեռք բերել երկրորդ օտար լեզուն»,-հավելեց ուսանողուհին:
Մ. Ավանեսյանը, ի պատասխան մասնակիցների այն հարցին, թե ինչպես է տեղեկացել ծրագրի մասին, նշեց. ««Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի մասին հայտարարությանը ծանոթացել եմ Հյուսիսային համալսարանի կայքէջում, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցել մրցույթին: Հաղթելուց հետո ինքնակենսագրությունս ուղարկվել է Շեցինի համալսարան և այնտեղ նույնպես հաստատվել»:
Հանդիպման ընթացքում Հյուսիսային համալսարանի եվրոպական ծրագրերի համակարգող Անի Թամազյանը Ani Tamazian նշեց, որ միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ձեռքբերումներից է նոր գործնական կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցության իրականացումը արտասահմանյան մի շարք բուհերի հետ և հորդորեց ուսանողներին այս գործընթացների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալ ինչպես բուհի northern.am պաշտոնական կայքէջից, այնպես էլ ֆեյսբուքյան էջից: Ա. Թամազյանը նաև ներկայացրեց «Էրազմուս+» ուսանողների փոխանակման ծրագրի նոր հաղթողին, որը հաջորդ ուսումնական տարում մեկ կիսամյակ կսովորի Լեհաստանի Շեցինի համալսարանում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն