Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարմանը և որակի ապահովմանը միտված ԳԱՑԱՇ-ի ստեղծման նպատակով հերթական աշխատաժողովը տեղի ունեցավ ծրագրի համակարգող Երևանի պետական համալսարանում:
«Էրազմուս +» նախագիծն այս անգամ ևս մեկ գաղափարի շուրջ համախմբել էր Հայաստանի մի շարք գիտակրթական հաստատությունների, որոնց ներկայացուցիչների համատեղ աշխատանքն ուղղված էր Հայաստանում գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի կառուցվածքային նախագծի ստեղծմանը:
Ինստիտուցիոնալ հետազոտությունների իրականացման, դրանց արդյունքների գործնական կիրառության, բուհի ռազմավարական պլանավորման, բարձրագույն կրթական հաստատությունների վարչական և պրոֆեսորադասախոսական կազմում շոշափելի և տեսանելի որակական փոփոխությունների իրականացման, բուհի առաքելության, հասարակական պատասխանատվության, կրթական չափորոշիչների սահմանման և մի շարք այլ առանցքային ցուցանիշերի մշակման նախնական տարբերակները քննարկվեցին աշխատանքային խմբերում:
Հայաստանում եվրոպական փորձի կիրառմամբ ԳԱՑԱՇ-ի ստեղծումը կնպաստի մեր երկրում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ իրականացմանը՝ բարեփոխելով ոչ միայն կրթական միջավայրը, այլև մշակելով հասարակական և սոցիալական պատասխանատվության, հանրության կարիքների գնահատման և բավարարման նոր մոտեցումներ՝ դրանով ևս մեկ անգամ բարձրագյուն կրթությունը և գիտությունը դարձնելով առավել զգայուն՝ հասարակությունից եկող ազդակների նկատմամբ և առավել կիրառելի՝ տարբեր ինստիտուտների կայուն զարգացման համար: