Հյուսիսային համալսարանի աշխատանքային խումբը մասնակցում էր Գերմանիայի Օլդենբուրգի Կառլ Ֆոն Օսիեցկի համալսարանում կայացած՝ «Ինստիտուցիոնալ հետազոտությունների ոլորտում բարձրագույն կրթության կառավարման, համալսարանի ռազմավարական պլանավորման, կառավարման և կրթության որակի բարելավման հնարավորությունները ներառական կրթության, թվայնացման և կանաչ անցման համատեքստում» վերապատրաստումների շարքին։
«Հայաստանում ներառական, թվային եւ կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման եւ որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE) ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է: Ծրագրի առաջնահերթություններից է բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծումը, ԳԱՑԱՇ-ին աջակցող թվային հարթակի և ԳԱՑԱՇ-ին համապատասխան հաստատությունների հավատարմագրման վերանայված պետական չափանիշների ներդրումը, նաև՝ փորձի փոխանակումը, ցանցերի ստեղծումը և ներգրավված գործընկերների միջեւ երկարաժամկետ համագործակցության խթանումը, ինչը կնպաստի Հայաստանի բուհերի ինտեգրմանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը:
Ծրագրի առաջնահերթություններից է կրթության միջազգայնացման, ռազմավարական պլանավորման և որակի ապահովման գործընթացների արդյունավետ կազմակերպումը: Որպես բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման, համալսարանական կառավարման պրակտիկայի, ռազմավարական պլանավորման և ներառական, թվային եւ կանաչ բարձրագույն կրթության որակի ապահովման գործիք կարևորվում է նաև ազգային եւ ինստիտուցիոնալ վարչակազմի, որոշումներ կայացնողների, դասավանդողների եւ հետազոտողների կարողությունների զարգացումը:
Օլդենբուրգի համալսարանի կողմից որդեգրված չափորոշրչների ու դրանց իրականացման մեխանիզմների արդյունավետության վառ արտահայտությունն էին ուսանողների կողմից ստեղծված ստարտափերը, որոնք ապագա մասնագետներին ընձեռում էին կարողությունների, հմտությունների զարգացման, շրջակա միջավայրի կարիքները գնահատելու, կանաչ կենսակերպի պահանջներին համապատասխան գործողություններ իրականացնելու հնարավորություններ: Հյուսիսային համալսարանի, հայաստանյան առաջատար գիտակրթական հաստատությունների, Օլդենբուրգի, Ջենովայի և Դրեզդենի համալսարանների համագործակցությունը «Էրազմուս + KPI4HE» ծրագրի շրջանակում կխթանի Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթական համակարգի կայուն զարգացմանն ու առանցքային ցուցանիշների ամրապնդմանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն