logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

zinvor

Երեխաներիս հետ զբոսնում էի բակում։ Նրանք խաղում էին,  թռչկոտում, իսկ ես ժպտում՝ երջանկացած զավակներիս ուրախությամբ։ Մի պահ իրենցով տարված՝ մոռացել էի վերջին ամիսների դաժան պատերազմը, որը խառնել էր բոլորիս կյանքը, զրկել քնից, որը խլել էր երիտասարդ անմեղ կյանքեր, իսկ մենք անզոր էինք ինչ–որ բան փոխելու: Քայլելով հասել էինք մոտակա այգին, որտեղ այնքան հանգիստ էր, որ ակամա  կտրվել էի ծանր իրականությունից, իմ ծանրաբեռնված առօրյայից ու վայելում էի երեխաներիս ներկայության ամեն վայրկյանը։ Ժպտալով հետևում էի փոքրիկիս չարաճճիություններին, երբ հանկարծ նկատեցի նրան։  Ժպիտս սառեց ներսումս ամեն ինչ տակնուվրա եղավ, օդը կանգնեց․․․ Դիմացս կանգնած էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 28-ին զոհված երկու ամսվա զինծառայող Տիգրանի մայրը աղջնակի հետ։ Զբոսնում էին։ Տակնուվրա եղա, ամոթից քարացա, որ ամեն ինչ մոռացած, վայելում էի երեխաներիս խաղը։ Մի ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ էր, երբ ոչ ոք չէր մտածում պատերազմի մասին, հաճախ ենք զբոսնելիս պատահաբար հանդիպել Տիգրանի մոր հետ,  շփվել։ Բայց այդ պահին կարկամել մնացել էի, մեջս ուժ չէի գտնում նույնիսկ  բարևելու ու ցավակցելու։ Այդ պահին ինչ–որ բան կոտրեց հոգիս։ Ինձ կոտրեց Տիգրանի մայրիկի տխուր հայացքը, ուռած կոպերը, կարմրած աչքերն ու նիհարած մարմինը։ Ինձ պատեց մեղավորության զգացումը, որ ինքնամոռաց տարվել էի երեխաներով ու ժպտում էի, իսկ նա իր աղջկա հետ լուռ ու տխուր զբոսնում էր։ Ես իմ բալիկների հետ էի, իսկ նրա բալիկը՝ նրա Տիգրանը չկար․․․ Երբ նա քայլերն ուղղեց ինձ, սիրտս ավելի արագ սկսեց բաբախել, շունչս չէր հերիքում...

-Բարև, Անի ջան,– առաջինը բարևեց նա։

-Բարև Ձեզ, ցավում եմ, Աստված հոգին լուսավորի,- հավաքելով ինձ՝ հազիվ արտաբերեցի՝ ավելի մեղավոր զգալով։

Տիգրանի մայրը ոչինչ չպատասխանեց, նայեց երկնքին, հետո երեխաներիս ու, հայացքը դեպի ինձ հառելով, տխուր, բայց հպարտ ասաց.

- Շարունակի՛ր ժպտալ, վայելի՛ր երեխաներիդ հետ անցկացրած ամեն մի րոպեն, արա ամեն ինչ, որ նրանք չիմանան՝ սահմանում պատերազմ է...

Տիգրանի մայրը դանդաղ քայլերով, տխուր ու կարմած աչքերով շարունակեց զբոսնել  աղջնակի հետ։ Նրանք հեռացան, էլ չէին երևում։

Ես դեռ չեմ ժպտում..

Անի Ներկարարյան

Լրագրության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանողուհի

 

nahapet

(Նահապետյան Վաչագան Հարությունի (06.04.1986թ.)

 

Աղավնիները խաղաղություն չբերեցին  Վաչագանին․․․

 Սիրտս շատ է ցավում, երբ ամեն անգամ ծանոթանում եմ մեր նահատակված քաջորդիների կիսատ մնացած կյանքի ու երազանքների պատմությանը։  Առավել ծանր է, երբ վերքը դեռ չի սպիացել, արնածորում է, երբ հուսադրող որևէ բառ չես կարողանում գտնել՝ մխիթարելու որդեկորույս մորը, որբացած երեխներին ու այրիացած կնոջը։ Տղամարդ ես՝ սեղմիր հեծկլտոցդ ու լուռ լսիր մի ընդհատված երազանքի պատմություն։ Հետո հիշի՛ր անուն առ անուն․․․

․․․Վաչագանը օրը սկսում էր իր աղավնիներին կերակրելով։ Շատ էր սիրում կենդանիներին, իսկ աղավնիների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ուներ։ Ասես ուզում էր ողջ աշխարհի խաղաղությունը իր աղավնիների  միջոցով ապահովել․․․

Ամեն ինչ կարծես  լավ էր ընթանում մինչև սեպտեմբերի 27֊ը, այն պահը, երբ ողջ հայությունը ցնցվեց ադրբեջանական ագրեսիայի, սահմանում տիրող պատերազմական իրավիճակի մասին բոթը լսելիս։ Վաչագանն առաջիններից էր, որ անհապաղ, առանց վարանելու դիմեց իրենց զինկոմիսարիատ՝ անհամբեր սպասելով ռազմի դաշտ մեկնելու իր ժամին։ Մինչ մեկնելը անընդհատ մտածմունքների մեջ էր, նրա ողջ  ուշադրությունը միայն սահմանում էր։ Հայրենիքի հանդեպ սերը, մեր զինվորների կողքին լինելու և հաղթելու պատրաստակամությունը երկու անչափահաս երեխաների հորը տարավ մարտի դաշտ։ Սահման մեկնելուց հետո Վաչագանը միշտ կապի մեջ է  եղել ընտանիքի հետ, միշտ լավատես ու վստահ, որ հաղթելու ենք։ Որոշ ժամանակ անց, երբ  կռիվն ավելի լայն թափ ստացավ,  կորուստներն էլ ցավալիորեն շատ էին,  բոլորի առջև խնդիր էր դրված պահել իրենց վստահված դիրքերը և թուլ չտալ թշնամու առաջխաղացմանը։ Ստեղծված անելանելի իրավիճակում  Վաչագան Հարությունի Նահապետյանը,  իր կյանքը զոհելով, փրկեց ընկերներին։ Ձգելով նռնակի օղակը՝ պայթեցրեց իրեն և թշնամու գումարտակը։

Վաչագանն իր այս անմոռանալի  և անգնահատելի սխրանքի համար հետմահու արժանացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի։  Թեպետ այս շքանշանը ոչինչ է իր կատարած սխրանքի դիմաց։

Աղավնիները խաղաղություն չբերեցին քեզ, Վաչագան, գոնե հիմա հանգչիր խաղաղությամբ, հերոս․․․


                                              Poxos

                                                                                                                       Պողոս Դարբինյան Լրագրության ֆակուլտետի 1–ին կուրսի ուսանող

                                                                                                         dfgfd

 

(«Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին»)

 

Հոկտեմբերի 26–28–ը Հյուսիսային համալսարանում Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական  կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեց առցանց բանաժողով-վերապատրաստում՝   «Օտար լեզուների ծրագրերի համապատասխանեցումը լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակներին» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ տարբեր  կրթական հաստատությունների անգլերենի շուրջ 30 ուսուցիչներ  և դասախոսներ:

Միջոցառումը նախապես պլանավորված էր անցկացնել  ս.թ ապրիլի 26-28-ը, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Բանաժողովին հրավիրված եվրոպական  փորձագետներ Գաբոր Շզաբոն  (Հունգարիա) և  Ռիտա Յուկնեվիցիենեն (Լիտվա) անցկացրեցին վերապատրաստումը հետևյալ թեմաներով․

1․ Լեզվակրթական կարողությունների բազմալեզու–բազմամշակութային սանդղակները և դրանց  ներդրումը  ուսումնական ծրագրերում։

2․ Լեզվական գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման սանդղակների պատրաստման առանձնահատկությունները:

Քանի որ բանաժողովն անցկացվում էր Արցախյան պատերազմի օրերին, որոշ մասնակիցներ բուն վերապատրաստման թեմաներից զատ արտասահմանյան  փորձագետներին ներկայացրեցին նաև պատերազմի և արցախյան հիմնահարցի   հետ կապված մի շարք  մանրամասներ։

Բանաժողով-վերապատրաստմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց Արփինե Ալեքսանյանը, հաղորդակցումը մասնակիցների և փորձագետների միջև իրականացրեց Անի Թամազյանը:

Բանաժողով-վերապատրաստման հնարավորությունը ստեղծել էր  Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը:

Главные новости

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...